Lega հաշվապահական կազմակերպություն

Կառավարությունը ՏՏ հատվածին կաջակցի հարկատուի հաշվին

Դկտ

6
2022

www.finport.am

           Արմինֆո.Այսօր կառավարության նիստում գործադիրը հաստատել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն իրականացնող առևտրային կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին պետական աջակցության տրամադրման կարգը՝ հանրապետությունում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանը օժանդակելու, ինչպես նաև Հայաստանի այլ երկրների հետ արդյունավետ մրցակցելու հնարավորության պահպանման նպատակով։

           Հիմնավորման համաձայն՝ ՏՏ ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտների գործունեության խթանների առումով տարբեր երկրներում կիրառվում են մի շարք հարկային արտոնություններ։ ՏՏ ոլորտում գործունեություն իրականացնող կազմակերպությունների մեծ մասն իր եկամուտները ստանում է արտերկրից՝ արտարժույթով, և այն, որ ներկայումս ԱՄՆ դոլարի և եվրոյի արժեզրկման արդյունքում համապատասխան ծավալով կրճատվել են տեղական ընկերությունների ֆինանսական մուտքերը, ինչը խոչընդոտ է հանդիսացել կազմակերպությունների բնականոն զարգացմանն ու առաջխաղացմանը։ Աջակցության տրամադրումը խթան կհանդիսանա կազմակերպությունների զարգացման համար, հնարավորություն ընձեռելով պահպանել առկա աշխատատեղերը՝ միաժամանակ չկրճատելով աշխատակիցների աշխատավարձերը:

           Ինչպես նշել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը, առաջարկվում է պետական աջակցություն տրամադրել ՏՏ ոլորտի այն կազմակերպություններին ու անհատ ձեռնարկատերերին, որոնք 2022 թվականի հունիսից հոկտեմբերին իրենց աշխատակիցներին տրվող աշխատավարձային ֆոնդը չեն կրճատել 20 տոկոսից ավելի։ Ինչպես նաև նրանց կողմից արտերկիր արտահանվող ծառայությունների ծավալն աջակցության տրամադրման ժամանակահատվածում կազմել է իրացման շրջանառության առնվազն 70 տոկոսը։ «Նախագծի նպատակն է նաև ժամանակային հնարավորություն տալ ոլորտի կազմակերպություններին` իրենց բիզնես մոդելի վերափոխման, գործող պայմաններին հարմարվելու, ինչպես նաև ՏՏ ոլորտի համաշխարհային բարդույթներին դիմակայելու համար։ Տրամադրվող պետաջակցության չափը ոլորտին նախնական գնահատմամբ կազմում է 10 մլրդ դրամ, ինչը հնարավորություն կտա պահպանել աշխատատեղերը և պահպանել աշխատակիցների աշխատավարձերը»,–ասել է նախարարը։

           Ինչպես հաղորդել է կաառավարության մամուլի ծառայությունը, անդրադառնալով ընդուված որոշմանը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ մի քանի ամիս է, ինչ ահազանգեր են ստանում ՏՏ ոլորտի մասնագետներից. «ՏՏ ոլորտի մասնագետները ահազանգում են, որ դրամի արժևորման արդյունքում որոշակի ռիսկերի առջև են կանգնում և կառավարությունից աջակցություն էին ակնկալում՝ այդ ռիսկերը կառավարելու առումով: Պետք է արձանագրել, որ մենք ամենատարբեր ձևաչափերով քննարկումներ ենք ունեցել և եկել ենք եզրակացության: Առաջին՝ մենք, իհարկե, պատրաստ էինք աջակցել, բայց մեր նախկին փորձը նաև հաշվի առնելով, խնդիր ունենք, որ աջակցություն լինի մաքսիմալ հասցեական և աջակցության արդյունքը լինի ոչ միայն տեղային, այլ ընդհանուր դրական ազդեցություն ունենա ոլորտի և տնտեսության վրա: Հիմա չենք կարող ասել կոնսենսուսային, բայց բազում քննարկումների արդյունքում եկել ենք եզրակացության, որ ռացիոնալ տարբերակը հենց այս տարբերակն է: Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտին 10 մլրդ դրամի աջակցություն ենք ցուցաբերում, որը մեր գնահատմամբ էականորեն կմեծացնի ոլորտի մրցունակությունը միջազգային շուկայում: Իհարկե, հույս ունենք նաև, որ այս աջակցությամբ ոլորտը ոչ միայն ժամանակավոր, այլ երկարաժամկետ կտրվածքով իր մրցունակությունը կավելացնի՝ հարմարվելով այն նոր միջազգային և տնտեսական կոնյուկտուրային, որ այսօր ունենք Հայաստանի Հանրապետությունում»: