Lega հաշվապահական կազմակերպություն

Վահան Քերոբյան. 2022 թվականին Հայաստանի բնակչության մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն կգերազանցի 6 հազար դոլարը

Հկտ

17
2022

www.petekamutner.am

           Արմինֆո. Այս տարի Հայաստանի բնակչության մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն կգերազանցի 6 հազար դոլարը: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հաղորդել է Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ Հայաստանում Symbiotics միջազգային ներդրումային ընկերության ներկայացուցչության բացման առաջին տարեդարձին նվիրված միջոցառման հարթակներում:

           Այդ առնչությամբ նա նշել է, որ ավելի վաղ Հայաստանի բնակկչության մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ ցուցանիշը կազմել է 4.6 հազար դոլար: Վերջինիս բարձրացմամբ՝ Հայաստանը, նախարարի ասելով, կանցնի մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ի համապատասխան ծավալով երկրների այլ լիգա: Նման թռիչքը, ինչպես բացատրել է նախարարը, կապված է, առաջին հերթին, բարձր տնտեսական աճի, անվանական ՀՆԱ-ի վրա ազդող բարձր գնաճի, ինչպես նաև հայկական դրամի արժեվորման հետ։

           Խոսելով վերջին գործոնի մասին՝ Քերոբյանը նշել է, որ նախարարությունը պետական աջակցության ծրագրեր է նախաձեռնել՝ արտահանողների համար "ուժեղ դրամի" ազդեցությունը չեզոքացնելու նպատակով։

           Այդ կապակցությամբ նա մատնանշել է տնտեսության արդիականացման ծրագիրը, որի շրջանակներում պետությունը ֆինանսավորում/սուբսիդավորում է ձեռնարկությունների համար սարքավորումների ներմուծումը։ Այս ծրագրից օգտվել են արդեն ավելի քան 300 ընկերություններ, որոնց ֆինանսավորման ընդհանուր ծավալը կազմել է ավելի քան 27 մլրդ դրամ։ "Մենք տեսնում ենք, որ ավելի ու ավելի շատ ընկերություններ այժմ գտնվում են բանակցային գործընթացում, եւ ես վստահ եմ, որ նախանշված նպատակները, հաստատ, կիրագործվեն, եւ մենք, իրականում, կկարողանանք իրապես փոխել տնտեսության կառուցվածքը, այն դարձնել ավելի արդյունավետ, ժամանակակից, էներգախնայող: Այս ամենը միասին կազդի տնտեսության հետագա աճի վրա", - ասել է Քերոբյանը։

           Եվ, այդուհանդերձ, Էկոնոմիկայի նախարարության նախաձեռնած բոլոր ջանքերի եւ բազմաթիվ ծրագրերի ֆոնին գերատեսչության ղեկավարը նշել է, որ դեռեւս լուծված չէ գլխավոր խնդիրը, որը կապված է վերջիններիս ֆինանսական ռեսուրսների հասանելիության հետ:

           Քերոբյանն ընդգծել է, որ բանկերն ավելացնում են իրենց պորտֆելը, սակայն, այնուամենայնիվ, տնտեսությանն ավելի շատ թթվածին է անհրաժեշտ, քան հիմա հնարավոր է: Բացի այդ, նախարարը նշել է այս տարվա ընթացքում կարգավորիչի կողմից առանցքային տոկոսադրույքի ավելի քան 2 տոկոսով բարձրացումը, ինչը նույնպես, իր հերթին, ազդել է ֆինանսավորման թանկացման վրա:

           Այդ առնչությամբ էկոնոմիկայի նախարարը ողջունել է Հայաստանում ներդրումային ընկերությունների գործունեությունը, որոնք աշխատում են երկրի ֆինանսական հատվածի հետ, այդ թվում ՝ KfW, ՎԶԵԲ, ԵՆԲ, ՀԲ-ի, Symbiotics: Խոսելով վերջինի մասին՝ նա նշել է, որ ընկերությունը բավականին ակտիվ է Հայաստանում, նրա պորտֆելը մոտենում է 150 մլն դոլարի։

           Հիշեցնենք, որ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով, Հայաստանի տնտեսության իրական հատվածում օտարերկրյա ընդհանուր ներդրումների (ներդրումների բոլոր ձևերն ու տեսակները - խմբ.) ծավալն աճել է 54%-ով (2020թ. 39%-ի դիմաց)' հասնելով 2.8 մլրդ դոլարի: 2021թ. ընդհանուր օտարերկրյա ներդրումներում ՕՈՒՆ-ին բաժին է ընկել 29% (2020թ. 26%-ի դիմաց) կամ 798 մլն դոլար, ինչը 2020թ. ցուցանիշից բարձր է 71% - ով (2020թ. 21% անկման դիմաց)։

           Ըստ վիճակագրական տվյալների՝ ընդհանուր օտարերկրյա ներդրումների ծավալով առաջին երկու դիրքերը պահպանում են Ռուսաստանը եւ Գերմանիան, որոնք առաջատար են նաեւ ՕՈՒՆ ծավալով: Իսկ ընդհանուր օտարերկրյա ներդրումների ծավալով հաջորդ երեք դիրքերում տարբեր ժամանակահատվածներում տեղերը փոխում են Կիպրոսը, Նիդերլանդները եւ Ֆրանսիան: