Lega հաշվապահական կազմակերպություն

ԿԱՆԽԻԿ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐ

Մյս

12
2022

ՀՀ Կառավարություն

           Համաձայն «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի՝ 2022թ. հուլիսի 1-ից ուժի մեջ կմտնեն կանխիկ գործարքների մի շարք սահմանափակումներ: Մասնավորապես՝

            2022թ. հուլիսի 1-ից Երևան քաղաքում գործունեություն իրականացնող կազմակերպությունները, անկախ աշխատակիցների քանակից, աշխատավարձի վճարումը պետք է իրականացնեն բացառապես անկանխիկ եղանակով: Գործուղման ծախսերի, ներկայացուցչական ծախսերի դիմաց վճարումները և պետական գնումների հետ կապված վճարումները նույնպես պետք է կատարել անկանխիկ եղանակով: Սույն սահմանափակումը աստիճանաբար կտարածվի նաև ՀՀ-ում գործող բոլոր տնտեսվարողների վրա:

            300000 ՀՀ դրամը գերազանցող ապրանքների վաճառքի, աշխատանքների կատարման և ծառայությունների մատուցման, պասիվ եկամուտների, փոխառությունների վճարման և ստացման գործարքների, եթե դրանց մի կողմը հանդիսանում է ֆիզիկական անձ, դիմաց վճարումը և վճարի ստացումն իրականացվելու են անկանխիկ ձևով: Ինչպես նաև, եթե գործարքի երկու կողմն էլ հանդիսանում են իրավաբանական անձ, ապա տվյալ գործարքի դիմաց վճարումն ու գումարի ստացումը պետք է կատարվի անկանխիկ եղանակով:

            Օտարերկրյա ընկերության հետ գործարք իրականացնելիս ՀՀ իրավաբանական և ֆիզիկական անձիք գործարքի դիմաց գումարի վճարումն ու ստացումը կատարելու են անկանխիկ եղանակով:

            ՀՀ տարածքում ֆիզիկական անձանց միջև 2022 թվականի հուլիսի 1-ից 500,000 Հայաստանի Հանրապետության դրամը գերազանցող վճարումը և վճարման ստացումը բոլոր այն գործարքների դիմաց, որոնց արդյունքում ծագող իրավունքները ենթակա են պարտադիր գրանցման, իրականացվում են անկանխիկ ձևով` անկախ վճարման կարգից, եթե այլ օրենքներով այդ գործարքների դիմաց վճարման ավելի ցածր սահմանաչափեր նախատեսված չեն, ինչպես նաև ֆիզիկական անձանց միջև 300,000 ՀՀ դրամը գերազանցող փոխառությունների տրամադրումը և ստացումն իրականացվում են անկանխիկ ձևով:

           Հարկ է նկատի ունենալ, որ գումարի ստացման կամ վճարման դեպքում վերը նշված սահմանափակումները չպահպանելը կառաջացնի տուգանք՝ 500 հազարից մինչև 2 մլն ՀՀ դրամի չափով, իսկ 1 տարում նույն խախտումը 2-րդ անգամ կատարելու դեպքում՝ 1-ից մինչև 4 մլն ՀՀ դրամի չափով։